Կոմյունիկե

Եվրոպայի հարցերով նախարարը սատարում է Հայաստանի անցումը խորհրդարանական ժողովրդավարության

Հայաստան կատարելիք իր առաջին այցի ընթացքում սըր Ալան Դանքնը կկարևորի Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև համագործակցությունը՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրի շրջանակներում:

Նախարարը հանդիպումներ կունենա Նախագահ Սարգսյանի, վարչապետ Կարապետյանի, Ազգային ժողովի նախագահ Բաբլոյանի, Արտաքին գործերի նախարար Նալբանդյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սըր Դանքնը նրանց հետ կզրուցի Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումների ծրագրի մասին և կվերահաստատի ՄԹ պատրաստակամությունը՝ աջակցելու երկրի կայունության ու բարեկեցության խթանմանն ուղղված բարեփոխումների հավակնոտ ծրագրին:

Միացյալ Թագավորությունը սատարում է Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագրին՝ ի թիվս այլնի աջակցելով, որպեսզի Ազգային ժողովը նախապատրաստվի ավելի մեծ վերահսկողական գործառույթների ստանձնմանը, Արդարադատության նախարարությունն իրականացնի հակակոռուպցիոն ռազմավարությունը և Պաշտպանության նախարարությունը ներդնի մարդու իրավունքների եվրոպական ստանդարտները հայկական զինված ուժերում:

ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում նախարարը կընդգծի ժողովրդավարական համակարգում խորհրդարանի կարևոր դերակատարությունը, ինչպես նաև կխոսի պատգամավորների՝ իրենց ընտրողներին ներկայացնելու դերի մասին:

Այցին ընդառաջ ՄԹ Եվրոպայի և Ամերիկաների հարցով նախարար սըր Ալան Դանքնն ասել է.

Իմ առաջին այցը Հայաստան ինձ հնարավորություն կտա նշանավորելու Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանին՝ որպես ժողովրդավարական, կայուն և բարեկեցիկ երկիր կայացման ճանապարհին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25 տարիների ընթացքում համագործակցությունը զարգացել է մի շարք ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առևտրային, կրթական և մշակութային:

Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու հնարավորություններ կան: ՀՀ Նախագահ Սարգսյանի, վարչապետ Կարապետյանի, Արտաքին գործերի նախարար Նալբանդյանի և Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ծրագրված հանդիպումների ընթացքում ես կներկայացնեմ ՄԹ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի՝ ժողովրդավարության, լավ կառավարման և մարդու իրավունքների խթանմանն ուղղված ջանքերին և ուսումնասիրելու երկու երկրների միջև առևտրի խթանման ուղիները:

Սըր Ալան Դանքնի անդրադարձն իր այցին

Նախարարը տեսաուղերձ է հղել Հայաստան կատարած իր այցի մասին. Sir Alan Duncan’s visit ###

Հրապարակվել է՝ 27 September 2017
Վերջին թարմացումը՝ 5 October 2017 + show all updates
  1. Added translation

  2. First published.